Երբ 2004թ., Մեծ Բրիտանիայի Լանքաստերի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող էի տեղեկացա որ Հայաստանի Հանրապետությունը զորախումբ է ուղարկում Իրաք: Հիշում եմ, թե ինչպես էի զարմացել ու մտածում էի, թե ինչ է փչել մեր ռազմաքաղաքական ղեկավարության խելքին, որ զորք է ուղարկում Իրաք, երբ ինքներս պատերազմի մեջ ենք, և ի՞նչ լավ բան կամ շահ կարող ենք ունենալ այս քայլից:
Շատ մտածեցի, բայց հարցիս լիարժեք պատասխանն ստացա միայն վերջին երկու տարիների ընթացքում, երբ սկսեցի ծառայել ՀՀ Զինված Ուժերում: Զինվորի երդումն ընդունելով՝ ծառայության անցա ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչությունում: Այո՛, գիտեմ, որ անունը երկարհունչ է ու այդ պատճառով է, որ մենք այն պարզապես անվանում էինք ՀՀ ՊՆ ՄՌՀ և ՊԾՎ: Այնուամենայնիվ, ի երջանկություն մեզ, մեր վարչությունը, ՀՀ պաշտպանական բարեփոխումների շրջանակներում, վերակազմավորվեց և վերանվանվեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, որը պատասխանատու է ՀՀ պաշտպանական քաղաքականության մշակման և պլանավորման, միջազգային ռազմական համագործակցության, պաշտպանական ոլորտի միջազգային պայմանագրերի, խաղաղապահ գործողությունների, արարողակարգի և ընդհանրապես ՀՀ զինված ուժերի արտաքին շփումների համար: Մի խոսքով, բավականին լուրջ գործառույթներով և լուրջ անձնակազմով համալրված վարչություն է:
Մի քանի օր առաջ մասնակցում էի ՀՀ Սահմանադրական դատարանի նիստին` այս անգամ արդեն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիատլանտյան դաշինքի /ՆԱՏՕ/ հետ իրավական և ֆինանսական հարցերի կարգավորման վերաբերյալ կնքվող համաձայնագրի վերաբերյալ: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը: Իմ մասնակցությունն այդ նիստին պայմանավորված էր նրանով, որ Աֆղանստան խաղաղապահ զորքեր ուղարկելու բանակցությունների ամբողջ ընթացքում հայկական կողմից ես նշանակվել էի այդ բանակցությունների անցկացման պատասխանատու և կազմակերպիչ:
Նիստի ժամանակ հարց բարձրացվեց առ այն, թե արդյոք ո՞վ է նախաձեռնել այս քայլը՝ մե՞նք, թե՞ մեզ են խնդրել և առաջարկել, որպեսզի զորք տրամադրենք: Հենց այդ պահին հիշեցի 2004թ. մտորումներս՝ ՀՀ խաղարարների Իրաք, իսկ այնուհետև Կոսովո մեկնելու մասին: Հարցին ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարն արձագանքեց հետևյալ կերպ. «Միջազգային անվտանգության ապահովման ինտեգրված համակարգում բոլոր պետությունների անվտանգության ապահովման խնդիրները փոխկապակցված են: Սույնը պայմանավորված է միջազգային անվտանգության ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների բնույթով, որոնք այդ անվտանգության սպառող հանդիսացող բոլոր պետություններից համատեղ ջանքեր են պահանջում: Եվ չնայած այն հանգամանքին, որ տարբեր պետություններ ներգրավված են միջազգային և տարածաշրջանային անվտանգության տարբեր կազմակերպություններում, գլոբալ անվտանգության խնդիրներում նրանք համատեղ գործողություններ են իրականացնում: Դրանցից են հանդիսանում միջազգային խաղաղության կայունացմանը միտված գործողություններըե։
Հարկ եմ համարում անդրադառնալ նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001թ. դեկտեմբերի 20-ի 1386 բանաձևին: Այս բանաձևով նշված ուժերի ստեղծման նպատակն է աջակցել Աֆղանստանի ժամանակավոր վարչակազմին անվտանգության պահպանման գործում և բանաձևով կոչ է արվում անդամ երկրներին անձնակազմով, հանդերձանքով և այլ միջոցներով աջակցել այդ ուժերին: Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերը ստեղծվել էին 6 ամիս ժամկետով, այնուհետև դրանց գործունեության ժամկետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետագա` մասնավորապես 1413, 1444, 1510, 1563, 1623, 1707, 1776 և 1833 բանաձևերով երկարաձգվել է: Վերջին` 2009 թվականի հոկտեմբերի 8-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1890 բանաձևով ևս մեկ տարի ժամկետով երկարաձգվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի իրավասությունները: Բոլոր հետագա բանաձևերում կրկին կոչ է արվում բոլոր ՄԱԿ-ի անդամ երկրներին անձնակազմով, հանդերձանքով և այլ միջոցներով աջակցել այդ ուժերին: Իսկ 2003թ. օգոստոսի 11-ին ընդունված որոշմամբ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի ղեկավարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն:
Տեղեկության կարգով հայտնեմ, որ 2004 թվականից ի վեր Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին և կայունացման գործընթացներին: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները խաղաղապահ առաքելություն են իրականացրել Իրաքում 2004թ. մինչև 2008թ. հոկտեմբեր: Բացի այդ, 2004թ. փետրվարից սկսած, սկզբում 34 հոգանոց, այնուհետև 70 հոգանոց ստորաբաժանմամբ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում:
Պարոն Օհանյանը հարցին արձանագանքելով նաև նշեց, որ «ՙՀայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով միջազգային հանրության լիիրավ անդամ, ևս պարտավոր է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործողություններին: Այս առումով միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ստանձնած գործընթացներին լիակատար մասնակցությունը դրական կարող է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության վրաե։
ՀՀ զորախմբի հիմնական առաքելությունը պետք է լինի Կունդուզ քաղաքի օդանավակայանի թռիչքադաշտի, շինությունների պահպանությունը: Առ այսօր թռիչքադաշտի պահպանությունը իրականացվել է գերմանական դասակի կողմից: Այս առաջադրանքը բավականին բարդ և մեծ պրոֆեսիոնալիզմ պահանջող գործ է, քանի որ այդ թռիչքադաշտը ունի շատ կարևոր, կարելի նաև ասել, կենսական նշանակություն Աֆղանստանի ամբողջ հյուսիսային հրամանատարության համար: Գերմանական զինված ուժերի ներկայացուցիչները ուսումնասիրել են մեր խաղարարների կարողությունները և շատ մեծ գնահատականի են արժանացրել` փաստելով, որ նրանք համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին:
Բացի իրավական հիմնավորումներից, գոյություն ունեն նաև այլ պատճառներ, որի համար ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը նման որոշում է կայացրել: Վերջին տարիներին խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության որակական առաջընթացը դրականորեն է գնահատվում համաշխարհային հանրության կողմից և մեծապես նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սույն քայլով մենք դառնում ենք ոչ միայն միջազգային անվտանգության սպառիչները, այլ նաև դրա կերտողները:
Ավելին, նման առաքելությունների մասնակցությունը գնահատվում է որպես ռազմական համագործակցության կարևոր բաղադրատարր: Վերջին տարիների ընթացքում հայ զինծառայողները կրթություն են ստանում աշխարհի լավագույն ռազմաուսումնական հաստատություններում, թե ԱՄՆ-ի, թե Միացյալ Թագավորության, թե Գերմանիայի, թե Հունաստանի, Ֆրանսիայի ու Իտալիայի: Ամեն տարի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից ընտրվում են լավագույն առաջադիմությամբ կուրսանտներն ու գործողվում վերոնշյալ երկրներ՝ աշխարհում առաջատար չափանիշների համաձայն կրթություն ստանալու համար: Չեմ կարծում, որ Հայաստանում կան այլ կրթական հաստատություններ, որ նման ծավալի և որակի ծրագրեր են իրականացնում:
Ինչու նշեցի ռազմական համագործակցության կարևոր ոլորտներից մեկը` ռազմական կրթությունը, քանի որ այս ոլորտի համագործակցության մակարդակը կտրուկ աճում է յուրաքանչյուր խաղաղապահ առաքելությունների մասակցության դեպքում: ՆԱՏՕ-ն և դրա անդամ երկրները նման համագործակցություն Հայաստանի հետ չէին ծավալի, եթե Հայաստանը չմասնակցեր խաղաղապահ գործողություններին: Իսկ ճշմարտությունը նրանում է, որ մեր մասնակցությունը այս գործողություններին ժամանակավոր բնույթ է կրում և դրանց ավարտից հետո այդ փորձված, կրթված և պրոֆեսիոնալ զինծառայողները շարունակելու են ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Բացի դրանից, կռվելով աշխարհի առաջատար բանակների կողքին, միանշանակ նպաստում են մեր բանակի մակարդակի բարձրացմանը, քանի որ մեր զինծառայողները վարժվելու են նույն գերմանացի զինծառայողների հետ Գերմանիայի ռազմաուսումնական հաստատություններում և համապատասխանելու են աշխարհի առաջատար չափանիշներին: Մեր հայ զինվորի ոգին, մարտական պատրաստվածությունը և պատերազմական փորձը, երբ համատեղվում է աշխարհի առաջատար չափանիշներին համաձայն վարժանքին և կրթությանը, կարելի է ասել, որ մեր զինվորները առաջ խաղ չի լինում:
Ավելի պարզ պատկեր ստանալու համար մի քանի կարևոր փաստեր նույնպես պետք է արձանագրել.
Օտարերկրյա խաղաղապահ առաքելություններին մասնակցում են միմիայն պայմանագրային/պրոֆեսիանալ զինծառայողները՝ կամավոր հիմունքներով:
Պարտադիր և ժամկետային զինծառայողները երբևիցե չեն մասնակցել Իրաքի և Կոսովոյի գործողություններին:
Մինչ այսօր, փառք Աստծո, չենք ունեցել ոչ մի զոհ և հուսով ենք իրավիճակը այդպես էլ կմնա:
Այն վայրերը որտեղ տեղակայվել կամ տեղակայվելու են հայերը շատ ավելի քիչ վտանգավոր են քան Արցախի ու ՀՀ՝ Ադրբեջանի հետ շփման գոտին:
Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման ակյունաքարերից են Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Այսպիսով, Հայաստանի մասնակցությունը նման գործողություններին ուղղակիորեն նպաստում է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, քանի որ դրա հետևանքով բարձր մակարդակի վրա է դրվում ռազմական հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ հետ:
Բայց, այնումենայնիվ, որքան էլ միջազգային հանրությունը հանդես գա, միևնույնն է աշխարհում ամենահաջող խաղաղություն պարտադրող (peace enforcement) և խաղաղապահ (peacekeeping) առաքելությունները իրականացրել և իրականացնում է ՀՀ Զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանական բանակը: Սկզբից հակառակորդին ստիպեցինք խաղաղության, իսկ հիմա այդ խաղաղությունը, առանց որևէ միջազգային ուժերի, ավելի արդյունավետ ենք պահպանում քան Աֆղանստանում կամ Իրաքում: